Posted in Մայրենի 6, անձնական կյանք, ստեղծագործություններ

Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից։ՎԵՃ

Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից

ՎԵՃ

  Տանից դուրս եկանք: Սպանդարյանով գնում էինք, եթե չեմ սխալվում, դեպի Գրողների տուն:

  Չարենցն այդ օրը նյարդային վիճակի մեջ էր, գրգռված, մի փոքր առիթ բավական էր, որ սուր խոսքեր ասի, խայթի:

  Երկար ժամանակ լուռ էր: Ճանապարհին հանդիպեց մի կին: Չարենցը ո՜չ բարև տվեց, ո՜չ բարևն առավ, միանգամից անցավ հարձակման:

—         Լսիր, այդ ի՞նչ ես արել:

Նա թե`

—         Ի՞նչ:

—         Հեչ չէի սպասում, հե՜չ:

—         Բան ունես` կարգին ասա հասկանամ:

Չարենցը թողեց նրան դարձավ ինձ.

—         Մի լսիր, թե ինչ է արել:

  Ու պատմեց: Մեզ հանդիպած կինը իր աղջկա համար Մոսկվայից բերել է ձմեռային մի զգեստ, որ հագնում են դահուկավորները, սպորտային մի սիրուն հագուստ, որ այն ժամանակ Երևանում չտեսնված բան էր: Աղջիկը հագնում, իջնում է բակ: Նրան անմիջապես շրջապատում են ծանոթ-անծանոթ երեխաներ: Սկզբից հետաքրքրվում են, հիացած նայում, հետո սկսում են տնազ անել, մինչև իսկ ծաղրել, քաշքշել…

—         Եվ դու պատկերացնո՞ւմ ես, դա անում է մի զարգացած, կրթված կին, բարձր դիրք ունեցող պաշտոնյա:

  Կինը չէր հասկանում, թե ինչու է Չարենցն իրեն կշտամբում:

—         Լսիր, ինչպե՞ս չես հասկանում,- դարձավ Չարենցը նրան,- որ դու երեխայիդ շրջապատի մեջ անցանկալի բնազդներ ես գրգռում:

  Թեև կինն արդեն խայթված էր, բայց աշխատում էր իրեն զսպել:

—         Չեմ հասկանում. ուրեմն քո ասելով, ես պետք է երեխայիս զրկեմ, ինչ է թե մյուսները չունե՞ն:

—         Հապա ի՞նչ ես կարծում: Ինչի՞ ես երեխայիդ հակադրում նրանց: Ինչու՞ ես ընկերներին լարում նրա դեմ: Երեխային հագցնելիս միշտ պիտի նկատի ունենաս նրա շրջապատը, ուրիշ ինչպե՞ս: Նրանք չունեն` քոնն ունի: Գոնե աղջկադ մասին մտածիր: Ինչու՞ ես հիմիկվանից գերազանցության հոգեբանություն պատվաստում նրա մեջ: Ուզում ես վերևի՞ց նայի մյուսներին:

  Չարենցն արդեն ձայնը բարձրացրել էր, և անցող- գնացողները մի պահ կանգ էին առնում` ոմանք տարակուսած, ոմանք հետաքրքրված նայում:

  Կինն այլևս չկարողացավ իրեն զսպել:

—         Քո ի՞նչ գործն է, ինչո՞ւ ես խառնվում իմ անձնական գործերին:

—         Անձնակա՞ն: Դա ի՞նչ անձնական գործ է: Դա, եթե կուզես իմանալ, հասարակական գործ է:

  Կինը, պաշտպանվելու համար, դիմեց հեգնանքի.

—         Համենայն դեպք դու չէ, որ ինձ պետք է սովորեցնես, թե ինչպես է հարկավոր դաստիարակել:

—         Հենց ես, ե՜ս պետք է սովորեցնեմ: Հապա ինչ ես կարծում:

  Չարենցը ձայնը գլուխն էր գցել: Կինը բոլորովին կորցրեց իրեն:

—         Ուրիշներին սովորեցնելուց առաջ, ինքդ դաստիարակվելու կարիք ունես:

  Դա բավական եղավ, որ Չարենցը մի կողմ դներ ամեն ինչ և անցներ անձնական այնպիսի վիրավորանքի, որ ախոյանը ստիպված էր սպառնալ նրան, թե դատարան քարշ կտա և ինձ էլ կկանչի որպես վկա:

—         Մի վախեցնի: դատարանում էլ նույնը կասեմ, և դատավորն ինձ կպաշտպանի, որովհետև ես եմ իրավացի: Այո՜, նա էլ կգա վկայություն տալու: Կարող ես գրել ազգանունը, ուսանող է, երիտասարդ քննադատ…

  Եվ իմ մասին ասաց մանրամասնություններ, որ ապագա դատավարության հետ կապ չունեին:

—         Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ:

  Չարենցը չէր հանդարտվում, բայց կինն այլևս չկար: Շտապ-շտապ հեռացավ` մեզ մենակ թողնելով: