Posted in Մայրենի

Մխիթար սեբաստացու կենսագրությունը

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Posted in Բնագիտություն 2022-2023

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝  Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝  պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: